Աճուրդների տեսակներ
Աճուրդ՝ հրապարակային առևտուր (գործարք, սակարկություն), առևտրի այն ձևը, երբ վաճառքը կարող է կատարվել ոչ նախապես հայտարարված գնով, որը կոչվում է մեկնարկային գին։ Աճուրդային գները սահմանվում են գործարքների կատարման ժամանակ։ Աճուրդի ժամանակ գնվող (վաճառվող) ապրանքի գինը սահմանվում է գործարքի ավարտման պահին:
Անգլիական կամ դասական աճուրդ
Այն անց է կացվում հայտարարված գինն աստիճանաբար բարձրացնելով՝ սկզբնականից մինչև ամենաբարձրը, գործարքը համարվում է ավարտված, երբ մնում է միայն մեկ գնորդ։
Հոլանդական աճուրդ
Այն կատարվում է սկզբնական հայտարարված գինն աստիճանաբար իջեցնելով։ Ապրանքը վաճառվում է այն գնորդին, որն առաջինը կհամաձայնի տվյալ պահին հայտարարված գնի մեծության հետ։
Գաղտնագրված աճուրդ
Բոլոր մասնակիցները՝ գնորդները, իրենց նշած գները հայտնում են միաժամանակ։ Ապրանքը տրվում է նրան, ով կառաջարկի ամենաբարձր գինը։
Սկանդինավյան աճուրդ
Սկանդինավյան աճուրդում առաջադրվում են շատ ցածր գներ։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Բիդի վճարը ավելի թանկ է, քան քայլի արժեքը։