Նկարում Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դուռն է, ստեղծման տարեթիվը` 1312: Հայ կիրառական արվեստի այս գլուխգործոցը ներկայում պահվում է Կանադայում` մասնավոր մի հավաքածուում: Փաստացի դուռը հայտնաբերել է Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերը 1976 թվականին: Նա գնել է այդ դուռը իր թուրք հարևանից, որն էլ իր հերթին, դրանից մեկ տարի առաջ, հանգամանքների բերումով գտնվելով Մուշի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, անսպասելի գտել ու մեծ դժվարություններով տեղափոխել է այդ դուռը Ստամբուլ:
Ռիխտերը Թուրքիայում գերմանական դեսպանատանը ունեցած իր կապերի շնորհիվ կարողացել է այդ թանկարժեք և բացառիկ պատմական նմուշը հանել երկրից և տեղափոխել Ֆրանկֆուրտ՝ Գերմանիա, ու պահել իր տանը: Իսկ արվեստագետի մահից հետո՝ արդեն 1996 թ., Մշո Սուրբ Կարապետի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և գնվում ընդամենը 50 հազար դոլարով անհայտ մի անձի կողմից: Երկար տարիներ պարզ չէր, թե ինչ ապագայի էր արժանացել նշված մշակութային կոթողը, սակայն, ի ուրախություն բոլորիս, 2018թ.-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էր նաև Մշո Սուրբ Կարապետ վանքի փայտյա դուռը, որը փաստորեն 1915 թվականից ի վեր առաջին անգամ հասանելի դարձավ լայն հանրությանը:
Աղբյուրը՝ «Հայերն այսօր» պարբերական