Շեքսպիրի «Առաջին ֆոլիո»-ի պահպանված օրինակներից մեկը՝ նրա պիեսների առաջին հրատարակված ժողովածուն, պատրաստվում է աճուրդի հանվել Սոթբիզում: Ուիլյամ Շեքսպիրի 36 պիեսներից բաղկացած ժողովածուն լույս է տեսել 1623թ-ին՝ հեղինակի մահից յոթ տարի անց, և առանց դրա, նրա ամենահայտնի գործերից մի քանիսը կկորչեին։ «Շեքսպիրի Առաջին ֆոլիո-ն անկասկած, ամենակարևոր հրատարակությունն է անգլիական գրականության պատմության մեջ: Շեքսպիրի պիեսների մոտ կեսն առաջին անգամ լույս է տեսել այս հատորում», - ասում է Գաբրիել Հիթոնը՝ Սոթբիզի գրքի բաժնի մասնագետ և տնօրեն։ Գիրքը, որը ներկայումս ցուցադրվում է Լոնդոնի Սոթբիզում մինչև հունիսի 15-ը, աճուրդի կհանվի հաջորդ ամիս և գնահատվում է մինչև 2,5 միլիոն դոլար (2,35 միլիոն եվրո):