Ինչպե՞ս կարելի է փրկել ամայացող բնակավայրը: Սիցիլիայի Սամբուկա համայնքի ավագանին հետաքրքիր լուծում է գտել այդ հարցին: Կոմունայի դատարկ տները աճուրդային վաճառքի են ներկայացվել €1 արժեքով (կամ այլ կերպ ասած մեկ կրուասանի գնով) յուրաքանչյուրի համար, ով պատրաստ է այդտեղ բնակվել: Այս լուրը արագ տարածում գտավ և հարյուրավոր մարդիկ Մեծ Բրիտանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից հետաքրքրություն հայտնեցին: Առաջարկվող գնի փոխարեն տները վաճառվել են միջինում €5,000 - €10,000 սահմանում տատանվող արժեքներով: Ընդհանուր առմամբ ներգրավված 1 միլիոն եվրո գումարը հսկայական ներդրում է նման փոքրիկ բնակավայրի համար: Բացի այդ, վաճառված տներից մեկը արդեն պատկանում է Դիսքավըրի հեռուստաալիքին, որը պատրաստվում է ֆիլմաշար նվիրել Սամբուկային և այդպիսով առավել մեծ ուշադրություն գրավել Իտալիայի ամենագողտրիկ վայրերից մեկի նկատմամբ: Կիրառված քաղաքականությունը, ի դեպ, տարածում է գտել նաև իտալական մյուս փոքրիկ գյուղերում ու գյուղաքաղաքներում: