Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Շրի Լանկայի 126-ամյա Կոլոմբո թեյի աճուրդները տեղափոխվել են առցանց հարթակ: Ապրիլի սկզբին առաջին երեք էլեկտրոնային աճուրդներում վաճառվել է ավելի քան 16.5 միլիոն կգ թեյ՝ երկրի համար ապահովելով 1.5 միլիարդ դոլարի շրջանառություն համապետական պարետային ժամի ընթացքում: Հետաքրքիրն այն է, որ թեյի աճուրդների թվայնացման շուրջ բանակցությունները Կոլոմբո թեյի առևտրականների ասոցիացիայում շարունակվում էին արդեն 20 տարի, սակայն միայն այժմ համաճարակը դրդիչ ուժ դարձավ փոփոխությունների իրականացման համար: Շրի Լանկան այս կերպ նաև հույս ունի ավելացնելու միջազգային շուկա թեյի արտահանման իր մասնաբաժինը: Երկրում ամեն տարի արտադրվում է մոտ 300 միլիոն կգ թեյ և արտահանման հիմնական շուկաներն են Իրաքը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Նշենք նաև, որ առաջին անգամ թեյը Շրի Լանկա է բերվել Չինաստանից 1824թ.-ին, առաջին առևտրային պլանտացիան հիմնադրվել՝ 1867թ., իսկ առաջին աճուրդը իրականացվել՝1883թ.: