Առցանց աճուրդներն արվեստի աշխարհում

Երբ համաճարակը դեռ նորահայտ երևույթ էր, արվեստի շուկան գլխիվայր շրջվեց: Մինչդեռ 2021 թվականի ցուցանիշներով պարզ դարձավ, որ վաճառքներն ընդլայնվել են շնորհիվ առցանց հարթակների: Քրիսթիզ աճուրդի տան վաճառքները կազմել են 7.1 միլիարդ դոլար, որը 54 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Սոթբիզի և Ֆիլիպսի դեպքում վաճառքները համապատասխանաբար 7.3 միլիարդ և 1.2 միլիարդ դոլար էին: Մասնագետների վերլուծությունների համաձայն հետաքրքրության նման աճը արվեստի շուկայի նկատմամբ մասամբ պայմանավորված է հոգեբանական գործոնով. տանն անցկացված ժամանակը հաճելի դարձնելու համար գումարի ավելցուկը մարդիկ ծախսում են առցանց գնումների, այդ թվում, արվեստի գործեր ձեռք բերելու համար: Ներազդող գործոններից մեկ ուրիշն էլ այն է, որ մասնավոր պատկերասրահներից արվեստի գործեր ձեռք բերելու համար գնորդները ստիպված են լինում երկար ընթացակարգերի միջով անցնել, մինչդեռ սահմանափակումների պատճառով առցանց հարթակների ստեղծումը առավել հարմար, արագ ու բաց դաշտ ստեղծեց ոչ միայն մասնագիտացած հավաքորդների, այլև հասարակ արվեստասերների համար: Ֆիլիպս աճուրդի տան տվյալների համաձայն 2021 թվականի գնումների կեսը ապահովել են լիովին նոր գնորդներ: Հավելենք նաև, որ առցանց գնումների դեպքում խոշոր աճուրդի տների կողմից տրամադրվող երաշխիքային պայմանները ավելի վստահելի են դարձնում այդ գործընթացը: